«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում բուժաշխատողների կանխարգելիչ պատվաստումները շարունակվում են։ Մեր բուժաշխատողները պատվաստվել են հեպատիտ Բ-ի և սեզոնային գրիպի դեմ։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-համաճարակաբան, ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և հակահամաճարակային բաժնի պետ, համաճարակաբանության ամբիոնի բ.գ.թ., դոցենտ Կարինե Պողոսյանը կարևորում է կանխարգելիչ պատվաստումների մշտական և շարունակական գործընթացը։ Նրա խոսքով՝ ռիսկի խմբի բուժաշխատողները, ովքեր ամենօրյա շփման մեջ են վիրուսային վարակիչ հիվանդություններով պացիենտների հետ, պետք է պատվաստվեն ։
Նշենք, որ հեպատիտ B-ի վիրուսը մոտ 100 անգամ ավելի հպավարակ է քան ՄԻԱՎ-ը, այն փոխանցվում է նույնիսկ աչքի համար անտեսանելի արյան միջոցով, որը անվանում ենք վարակ ասեղի ծայրին: Վարակի աղբյուր կարող է լինել ինչպես հիվանդ մարդը, այնպես էլ վիրուսակիրը:
«Հեպատիտ B-ի ակտիվ իմունիզացիա իրականացվում է ռեկոմբինանտ պատվաստանյութով պլանային` երեխաներին ըստ իմունիզացիայի ազգային օրացույցի, իսկ ռիսկի խմբերի շրջանում 3 անգամ հետևյալ սխեմայով՝ առաջին ներարկում, այնուհետև 1 ամիս անց իրականացվում է երկրորդ ներարկումը, 6 ամիս անց՝ երրորդը (1 մլ միջմկանային)»,-նշում է համաճարակաբանը:
Ինչ վերաբերում է գրիպի պատվաստանյութին, ապա այն ապահովում է բարձր արդյունավետություն սեզոնային գրիպի կանխարգելման համար, ինչպես նաև նվազեցնում է հոսպիտալացման ռիսկը :
«Պատվաստանյութը քառավալենտ է, այսինքն ներառում է գրիպի չորս ենթատեսակ` գրիպ Ա-ի H1N1, H3N2, B գրիպի 2 շրջանառվող տեսակ` B/Yamagata/, B/Victoria վիրուսները: Քառավալենտ վակցինան լավ ազդեցություն է թողնում, քանի որ դրանց մեջ ներառված են Հանրապետությունում շրջանառվող բոլոր ենթատեսակները»,-ասում է Կարինե Պողոսյանը:
.png)